ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն

20.07.2018

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։

Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ որպես կայացած ինստիտուտ, Արցախի պետականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Դիվանագետներին վստահված է Արցախի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու և արտերկրում նրա քաղաքացիների շահերը պաշտպանելու առանցքային նշանակություն ունեցող առաքելությունը, ինչը պահանջում է առավելագույն նվիրվածություն և կենտրոնացում իրենց պարտականությունների կատարման վրա:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկումներ են կայացել Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրում նշված հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը և ապակենտրոնացված համագործակցության զարգացումը պիտի մնան արտաքին քաղաքական գործունեության առանցքը, ինչպես նաև հետագա նախագծերի իրականացման կողմնորոշիչը։ Կարևոր ուղղություն է նաև Արցախի արտաքին տնտեսական կապերի զարգացումն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը, որը պահանջում է Արցախի շահագրգիռ կառույցների հետ համատեղ ջանքեր։

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Արցախի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ արտաքին քաղաքական խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է նաև նպատակաուղղված և գրագետ տեղեկատվական քաղաքականությունից: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը շեշտել է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կարևոր դերը՝ միջազգային հանրությանն արցախյան իրողությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու և երկրի դրական վարկանիշն ամրապնդելու գործում՝ օգտագործելով ինչպես առկա ռեսուրսները, այնպես էլ ներգրավելով նորերը։

Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները նստավայր երկրներում։

Խորհրդակցության արդյունքներով Մասիս Մայիլյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

Print Friendly, PDF & Email