Որոնում:

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին - MFA NKR

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

2018-07-10 11:59

Հուլիսի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԲՄՊԽ ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը (Սլովակիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com