Որոնում:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության պատվիրակությանը - MFA NKR

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության պատվիրակությանը



2018-05-25 17:17

Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության պատվիրակությանը:

Արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության որոշումը՝ 29-րդ ամենամյա համաժողովն Արցախում անցկացնելու մասին` նշելով երկրում տեղի ունեցող գործընթացներին անմիջականորեն ծանոթանալու և հանրապետության համապատասխան կառույցների հետ ուղղակի շփումներ հաստատելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների իրավական ասպեկտների վերաբերյալ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել 2016 թ. հունվարին ԱՄՆ հայ իրավաբանական միության կողմից ընդունված բանաձևը, որով իր պաշտոնական քաղաքականությունն է հայտարարում` աջակցելու Արցախի միջազգային ճանաչմանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն: Այս համատեքստում կողմերը քննարկել են Արցախի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ հայ իրավաբանական միության համագործակցության ուղիներն ու մեթոդները և փորձագիտական խորհրդատվությունների անցկացումը՝ հանրապետության արտաքին քաղաքական խնդիրների լուծման գործում իրավական մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով:

Մասիս Մայիլյանը նաև պարգևատրել է ԱՄՆ հայ իրավաբանների միությանը` ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հուշամեդալով:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com