Որոնում:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը Tert.am գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը Tert.am գործակալությանը

2018-04-12 13:48

Ներկայումս ի՞նչ է անհրաժեշտ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցություններ սկսելու համար: Ադրբեջանական կողմը նշում է, որ իրենք դրան իբրև պատրաստ են:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առարկայական բանակցությունների վերսկսման համար ներկա փուլում, նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել խաղաղ գործընթացի անդառնալիությունը։ Հնարավոր չէ քննարկել երկարաժամկետ խաղաղության պայմանները՝ ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքի և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածության պայմաններում։ Խաղաղ գործընթացի անդառնալիության ապահովումը ենթադրում է երկու փոխլրացնող բաղադրիչների իրականացում. դրանք են՝ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը։ Այս երկու բաղադրիչները մեկտեղ ապահովելու են շփման գծում դիտարկման հնարավորությունների ավելացումը, ինչը թույլ կտա ոչ միայն բացահայտել կրակի դադարեցման ռեժիմը խախտողին, այլև կանխել հետագայում միջադեպերի կրկնությունը։ Միաժամանակ, անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հովանու ներքո Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1995թ. փետրվարի 6-ին ձեռք բերված համաձայնագրի անշեղ  իրականացումը։ Վերոնշյալ համաձայնագիրը պարունակում է ռազմական տեսանկյունից նշանակալի՝ ճգնաժամային իրավիճակների կայունացման միջոցառումների մի ամբողջ համալիր։

Միայն վերոնշյալ քայլերի իրագործումից հետո կարելի կլինի կենտրոնանալ հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ խաղաղ պայմանագրի քննարկման վրա։ Ինտենսիվ բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններն ամրապնդված չեն կոնկրետ գործողություններով։    Ընդհակառակը, Բաքուն չի կատարում շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և մերժում է միջնորդների նախաձեռնությունները՝ ուղղված բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Կառուցվածքավորված բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները պարզապես կարգավորման գործընթացը ձգձգելու հնարք է։ Տեղին է հիշատակել, որ ժամանակին հենց ադրբեջանական կողմն է հրաժարվել մեծ քաղաքական պայմանագրի շուրջ աշխատանքներից և առաջ քաշել կարգավորման սկզբունքների մշակման վերաբերյալ առաջարկ՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանը առաջարկում է հրաժարվել իր իսկ կողմից նախաձեռնած՝ հակամարտության կարգավորման սկզբունքների քննարկումից և անցնել ինչ-որ կառուցվածքավորված բանակցությունների։

Պարբերաբար հնչում են հայտարարություններ Արցախը՝ բանակցություններին որպես լիիրավ կողմ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Արդյո՞ք պահն է, որ հայկական կողմը կամ միջազգային հանրությունը նման նախաձեռնությամբ հանդես գան: Արցախի նեգրավվումը բանակցություններում կինտենսիվացնի՞ դրանք:

Բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության վերականգնման հարցը մշտապես բարձրացվում է Նախագահ Բակո Սահակյանի կողմից միջնորդների հետ հանդիպումների ժամանակ։ Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտության մասին խոսում են և՛ Հայաստանը, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին մեր պնդումները, նախևառաջ, պայմանավորված են մեր՝ հակամարտության կարգավորման մեջ  շահագրգռվածությամբ։ Բանակցությունների բոլոր փուլերին Արցախի մասնակցությունը կարևոր է նաև հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդյունքների համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Արցախը հակամարտության երեք կողմերից մեկն է  և պետք է լինի բանակցային ողջ գործընթացի լիիրավ ու լիարժեք մասնակիցը և իր ներդրումն ունենա բանակցային սեղանին դրված անխտիր բոլոր հարցերի քննարկմանը։ Կողմերի ստորագրած ամենակարևոր և գրեթե միակ գործուն փաստաթուղթը՝ հրադադարի մասին 1994թ. մայիսի 12-ի պայմանագիրը, ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը՝ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանը։ Այսօր բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձին խոչընդոտող միակ կողմն Ադրբեջանն է։ Պաշտոնական Բաքուն պարբերական ու համակարգված ջանքեր է գործադրում՝ ավելի հեռացնելու հակամարտության կարգավորման հեռանկարները։ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը խոչընդոտելու իր քաղաքականությունից հրաժարումը կցուցադրի այդ երկրի  անկեղծ ցանկությունն ու շահագրգռվածությունը հակամարտության վերջնական լուծման հարցում և արդյունավետ բանակցությունների իրական պատրաստակամության ազդանշան կդառնա։

Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով Ադրբեջանը օրերից մի օր կհամակերպվի՞ Արցախի ներկայիս կարգավիճակի հետ: Ե՞րբ դա կարող է լինել, ո՞ր դեպքում:

Որքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Արցախի անկախությունը անդառնալի փաստ է, այնքան ավելի մոտ կլինեն հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հեռանկարները։ Կարգավորումը, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը անշրջելի գործընթաց է և կախված չէ Ադրբեջանի քմահաճույքից։ Այս կապակցությամբ, մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնման և Արցախի միջազգային ճանաչման դրական միտումների ամրապնդման ուղղությամբ։

Ապրիլի 2-ին լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարին: Թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղն այդ իրադարձություններից հետո խոսում էին դասեր քաղելու, մոտեցումները կոշտացնելու մասին: Այս ընթացքում մենք արդյո՞ք համապատասխան եզրակացություններ, հետևություններ արեցինք: Ի՞նչ փոխվեց: Արդյո՞ք չենք կրկնելու նույն սխալները:

Ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության համար ապրիլյան պատերազմի կարևոր դասն այն էր, որ պետք է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար։ Մեզ համար ապրիլյան պատերազմը, առաջին հերթին, խթան հանդիսացավ՝ Պաշտպանության բանակի ու Արցախի անվտանգության համակարգի  ակտիվ արդիականացման համար: Հարկ է նշել, որ նախկինում երբևէ Արցախի Պաշտպանության բանակի մարտունակությունն այնպիսի բարձր մակարդակի վրա չի եղել, ինչպիսին որ այսօր է։ Եվ բանակի ամրապնդման գործընթացն այսուհետ ևս շարունակվելու է։

Որակական փոփոխություններն առնչվել են ոչ միայն բանակին։ Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ մեր ընտրած ուղին՝ ուժեղ և ժողովրդավարական պետություն զարգացնելու և միջազգային հանրությունում իր լիիրավ տեղը զբաղեցնելու ձգտումը, այլընտրանք չունի։ Կարծում ենք՝ Արցախի անվտանգության ամրապնդման կարևորագույն գրավականը Արցախի միջազգային ճանաչումն է, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը։ Արցախի և այլ երկրների միջև ուղիղ և բաց երկխոսության հաստատումը նպաստելու է կայունության ամրապնդմանն ու տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանը։ Ավելին, ներգրավման, այլ ոչ թե բացառման սկզբունքի վրա հիմնված միջազգային համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։   

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com