Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

02.03.2018

Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստների հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է եվրոպական երկրներում ապրող հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում և նրանց ներուժի պատշաճ օգտագործումը եվրոպական տարածքում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղություններով:

Մարտի 1-ին Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և պատասխանատու մի շարք աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսի հետ։ Անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։

Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Print Friendly, PDF & Email