Որոնում:

Միջոցառում Բեյրութում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին - MFA NKR

Միջոցառում Բեյրութում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին





2018-02-27 19:46

Փետրվարի 24-ին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության (ԱՀ) մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած՝ լուսանկարիչ Զոհրապ Մարգարյանի` արցախյան տարեգրությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին։

Իր ելույթում Կարո Քեբաբջյանը կարևորել է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։ Այնուհետև Արցախի մշտական ներկայացուցիչը Զոհրապ Մարգարյանին է փոխանցել ԱՀ ԱԳ նախարարի շնորհակալական նամակը և ղարաբաղյան շարժման հոբելյանին նվիրված հուշամեդալը՝ կարևորելով անվանի լուսանկարչի ներդրումը արտերկրում Արցախի ճանաչելիության բարձրացման գործում։

Միջոցառմանը մասնակցել են Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցչության և Լիբանանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com