Կլոր սեղան «Ազատ Արցախ. 30 տարի»

24.02.2018

Փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության (ԱՀ) մշտական ներկայացուցչության կողմից Մոսկվայում կազմակերպվել է «Ազատ Արցախ. 30 տարի» խորագիրը կրող կլոր սեղան, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։

Միջոցառման ընթացքում քննարկման գլխավոր թեմաներն էին ղարաբաղյան ազատատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Կլոր սեղանի բացմանը ցուցադրվեցին Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի 30 տարիները ներկայացնող վավերագրական նյութեր։ Այնուհետև ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը ներկայացրեց «Արցախ, երկար ճանապարհ դեպի ազատություն» 300 էջանոց հոդվածների ժողովածուն, որը ներառում է Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արցախից և Հայաստանից անկախ դիտորդների, լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքագետների վկայություններն ու գնահատականները։ Հիմնական զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Գործադիր կոմիտեի նախագահ և օրենսդիր մարմնի նախագահության անդամ Սեմյոն Բաբայանը, ով 1988 թ. փետրվարի 20-ին մասնակցել է պատմական որոշման ընդունմանը:

Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել է հուշագիր, որով միջոցառման մասնակիցներն ընդգծել են Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հավատարմության անհրաժեշտությունը։ Մասնակիցները նաև կոչ են արել միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն, վերջնականորեն ճանաչել Արցախի Հանրապետության պետական անկախությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի բանակցություններին և կարևոր գործոն կհանդիսանա խաղաղ գործընթացի անշրջելիության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

Միջոցառումը տեղի է ունեցել «Ռեգնում» լրատվական գործակալության համաժողովների սրահում, որին մասնակցում էին Ռուսաստանի քաղաքագիտական և փորձագիտական առաջատար մի շարք հաստատությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաև ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Print Friendly, PDF & Email