Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը

2018-01-19 20:05

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

Պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։

Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։

Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։     

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com