Որոնում:

Շարունակվում են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները - MFA NKR

Շարունակվում են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները




2017-12-08 08:51
Շարունակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որը մեկնարկել է նոյեմբերի 21-ին՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ Վիլյորբան քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմամբ։
 
Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Դրոմի նահանգի Վալանս և Բուրգ-լե-Վալանս քաղաքներում, որտեղ տեղի են ունենում Արցախի մշակույթն ու առօրյան ներկայացնող բազմաթիվ միջոցառումներ։
 
Դեկտեմբերի սկզբին Վալանսում կայացել է ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի 15 օրերի ընթացքում այցելուներին կներկայացվի նաև Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմը: Հատկանշական է, որ ցուցահանդեսը ներառվել է Վալանս քաղաքի դպրոցական ծրագրում, ինչի շնորհիվ վալանսցի դպրոցականները հնարավորություն ունեն ծանոթանալու Արցախին։
 
Բուրգ-լե-Վալանս քաղաքի ամանորյա տոնավաճառին ներկայացված էր նաև արցախյան տաղավարը՝ Արցախի մասին տեղեկատվական գրքույկներով, զբոսաշրջային ուղեցույցներով ու արցախյան արտադրանքով: Տոնավաճառի բացման առթիվ իր ելույթում քաղաքապետ Մարլեն Մուրիեն վերահաստատել է իր աջակցությունն Արցախին՝ հայտարարելով, մասնավորապես, որ «2014 թվականին Շուշիի հետ Բարեկամության հռչակագիր կնքելուց ի վեր Բուրգ-լե-Վալանսը Արցախի ժողովրդի կողքին է կանգնած»:
 
Դրոմի նահանգային խորհրդի շենքում մեկնարկել է ֆրանսիացի հայտնի գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճանապարհորդություն Արցախ» գծանկարների տասնօրյա ցուցահանդեսը:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com