Որոնում:

Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում - MFA NKR

Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում



2017-09-18 19:04

Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին, որը կրում էր «Արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը» խորագիրը։

Արցախի արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանին և անմիջականորեն հայկական երկու հանրապետություններին սպառնացող մարտահրավերներին և Արցախ—Հայաստան-Սփյուռք միասնական ներուժի օգտագործման միջոցով այդ մարտահրավերներին դիմակայելու հնարավորություններին։

ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Որպես հիմնական մարտահրավեր մենք Արցախում դիտարկում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ այն հնարավոր է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ նախևառաջ, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հենքի վրա»:

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ չնայած իրավիճակը սրելու և հայկական կողմերի ու միջազգային հանրության հետ ուժի սպառնալիքի լեզվով խոսելու Ադրբեջանի փորձերին՝ Արցախը շարունակում է իր հետևողական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Նա վստահություն է հայտնել, որ անկախ իր առջև ծառացած մարտահրավերներից և դիմադրությունից, Արցախի Հանրապետությունը չի շեղվի իր ընտրած ուղուց և կշարունակի զարգացնել և ամրապնդել անկախ պետականությունը և պայքարել միջազգային հանրության կողմից այն ճանաչելու ուղղությամբ՝ շեշտելով, որ Արցախի միջազգային ճանաչումը կապահովի նաև խաղաղ գործընթացի անշրջելիությունը և պաշտոնական Բաքվի համար ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության անթույլատրելիության ազդանշան կդառնա։

Իր ելույթում արտաքին գործերի նախարարն անգնահատելի է համարել աշխարհասփյուռ հայության կողմից մշտապես Արցախին ցուցաբերվող աջակցությունը, որի շնորհիվ հաջողվեց հաղթահարել երիտասարդ պետականության ամրապնդման ու զարգացման ճանապարհին առկա դժվար փորձությունները, ինչպես նաև նշանակալի ձեռքբերումներ արձանագրել միջազգային ճանաչման, տարբեր մակարդակներում երկկողմ համագործակցության հաստատման գործընթացներում։

 «Եվ այսօր Արցախն իր մշակույթով, արժեհամակարգով ու ապրելակերպով ժամանակակից աշխարհին համընթաց է ապրում, և հանդես է գալիս որպես վստահելի ու կանխատեսելի  գործընկեր իր բոլոր բարեկամների համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Ամփոփելով ելույթը՝ Կարեն Միրզոյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարություններին և երբեմն սահմանափակ թվացող հնարավորություններին, համատեղ ուժերով և համակարգված աշխատանքով մենք հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերները՝ վերածելով դրանք հնարավորությունների»։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com