Որոնում:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը - MFA NKR

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը


2017-08-30 20:07

Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։

Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամների այդ նախաձեռնությունը և ընդգծել ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման և պատասխանատուների դատապարտման կարևորությունը` Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեությունը սանձելու առումով։

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների վերաբերյալ փաստերը: Կարեն Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև  Արցախի Հանրապետության դիրքորոշմանը՝ հակամարտության տևական լուծմանը հասնելու վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com