Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը

2017-07-18 19:48

Հարց. Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն առաջիկա ընտրություններն անվանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը խափանելու փորձ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխան. Ինչպես բազմիցս նշել ենք, ազատ, արդար, թափանցիկ ու մրցունակ ընտրությունները, լինելով Արցախի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացների անբաժան մաս, միտված են ժողովրդավարական ճանապարհով հանրապետության հանրային կյանքի կազմակերպմանն ու իշխանության մարմինների ձևավորմանը։ Դրանք ոչ մի կերպ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Տվյալ դիրքորոշումն այս կամ այն ձևով հաստատվել է հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ իրենց բազմաթիվ հայտարարություններում։

Ավելին, միջնորդները նաև նշել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում իր ապագան կանխորոշելու հարցում։ Մեր կարծիքով, ընտրությունները ժողովրդի կամարտահայտության եղանակներից մեկն են, հետևաբար դրանց անցկացումը լրիվությամբ համապատասխանում է հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությանը։

Արցախի քաղաքական գործընթացներին Ադրբեջանի բացասական արձագանքը պայմանավորված է բնավ ոչ թե մտահոգությամբ՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին, որոնք Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում, այլ Արցախի գոյությունն իսկ բացառելու ձգտումով։

Ակնհայտ է, որ Արցախի պետականության և նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում։ Ավելին, հենց Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումն էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com