Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՀՀ ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին

06.07.2017

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել ԱՀՀ հետ հաստատված համագործակցությունը և նշել ամառային կամավորական ծրագրի կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքի երիտասարդներին այցելել նաև Արցախ և համակողմանի պատկերացում կազմել մեր երկրում առկա իրողությունների ու արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ։

Հյուրերի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները և անդրադարձ կատարել երկրի արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։

Print Friendly, PDF & Email