Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը

2017-06-21 21:52

Հարց. Հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հանդես են եկել բազմաթիվ մեկնաբանություններով՝ հայկական կողմերին մեղադրելով բանակցային գործընթացը տապալելու նպատակով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունները։

Պատասխան. Լարվածության սրման և բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի համար մեղքը հայկական կողմերի վրա բարդելու Բաքվի ձգտումն անթաքույց փորձ է՝ քողարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի մտցնելուն և միջնորդների խաղաղարար ջանքերը խափանելուն ուղղված իր իսկ քաղաքականությունը։ Դա հատկապես ակնառու է շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքների, հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում իր պարտավորությունների հանդեպ Բաքվի լիակատար արհամարհանքի և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու բացահայտ դժկամության ֆոնի վրա։

Այս կապակցությամբ հարկ է հիշատակել հունիսի 19-ին Բաքու կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած հայտարարությունը, որը, մեր դիտարկմամբ, հերթական անգամ ոչ երկիմաստ կերպով մատնանշում է Ադրբեջանին՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտող կողմ։

Այս հարցում Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում նկատվող դրական միտումը որոշակի հույսեր է ներշնչում, որ միջնորդները ոչ միայն վերջնականապես կհրաժարվեն անհասցե կոչերի պրակտիկայից, այլև ավելի հաստատակամորեն հետամուտ կլինեն 1994 թ. հրադադարի և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անշեղ պահպանման, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16) և Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com