Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը news.am գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը news.am գործակալությանը

2017-06-01 18:36

Հարց՝ Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ և սպառնացել հրետանային հարված հասցնել ԼՂՀ բնակավայրերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունը։

Պատասխան՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի այդ պնդումը։ Մենք, մեր հերթին, բազմիցս նշել ենք, որ հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքի խորքում գտնվող բնակավայրերը գնդակոծելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա դա ծայրաստիճան անպատասխանատու հայտարարություն է։

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով։ Այսպես, դեռևս 2016 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար, քանի որ նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին հենց իր՝ Ադրբեջանի համար։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com