Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Aysor.am գործակալությանը

26.05.2017

Հարց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Արցախում մեկնարկած զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի արցախյան իշխանությունները զբոսաշրջության քողի ներքո փորձում են վերականգնել Երևանի և Ստեփանակերտի միջև ավիահաղորդակցությունը։

Պատասխան։ Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականցնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։

 

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն փորձում է ժխտել այդ օբյեկտիվ իրողությունը, այլև առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից։

Ադրբեջանական իշխանությունների ձգտումը՝ Արցախում իրականացվող կոմերցիոն-զբոսաշրջային նախաձեռնությունները պայմանավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, անթաքույց փորձ է շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացը խոչընդոտող իրական խնդիրներից, որոնք, նախ և առաջ, պայմանավորված են բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական կողմի շարունակական փորձերով։

Print Friendly, PDF & Email