Որոնում:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին - MFA NKR

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին


2017-05-12 20:35

Մայիսի 12–ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցով Արցախ ժամանած դպրոցի ունկնդիրներին։

Կարեն Միրզոյանը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Իր ելույթում նա դպրոցի սաներին է ներկայացրել Արցախի Հանրապետության  արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների գործունեությունը։ ԱԳ նախարարն ընդգծել է երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։

Իր հերթին, Վահե Գաբրիելյանը երախտագիտություն է հայտնել Արցախի արտաքին գործերի նախարարությանը ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախ կատարած ամենամյա այցերն ապագա դիվանագետներին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել Արցախում առկա իրողությունների և նրա արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ունկնդիրների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com