Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն

2017-04-05 14:12

Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված եղավ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում։ 

Միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով ու ռազմական հանցագործություններով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը և մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը հետևողականորեն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք վերաբերում են 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթների գործնական կիրառման, ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16)  և Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությանը։

Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև տապալում ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ Ավելին, այս ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը չի հրաժարվում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանությունը տնտեսության, մշակույթի և նույնիսկ մարդկային շփումների բնագավառներ։

Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետևողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջև անվստահությունը և ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com