ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

12.10.2016

Հարց՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հոկտեմբերի 10-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

Պատասխան՝ Կիսում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը` կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում ևս իրականացնելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների խթանումը ողջ եվրոպական մայրցամաքում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա։

Խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանը, առաջին հերթին, ցուցադրում է այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակների ու սկզբունքների նկատմամբ իր անհանդուրժողականությունը։

Print Friendly, PDF & Email