Որոնում:

ԼՂՀ ԱԺ 2016 թ. ապրիլի 21-ի նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված հարցերին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները - MFA NKR

ԼՂՀ ԱԺ 2016 թ. ապրիլի 21-ի նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված հարցերին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները

2016-04-22 15:40

Հարց. Արտաքին գործերի նախարարին ուղղված հարցի բովանդակությունը հետևյալն է՝ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում սեղանի վրա դրված են այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները: Ինչպիսի՞ պաշտոնական տեսակետ ունի ԼՂՀ-ն:

Պատասխան.  Հարգարժան գործընկերներ, շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, այդ հարցի պատասխանը բազմիցս հնչեցվել է թե` Ազգային Ժողովում, թե` զանազան այլ կառույցներում։ Ոչ միայն  արտաքին գործերի նախարարի շուրթերից, այլ նաև  այդ հարցերի շուրջ տեսակետ հայտնելու իրավասու բոլոր արցախյան  պաշտոնյաների կողմից։ Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ,  որի քննարկմանը և մշակմանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ։  Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլև տրամաբանական  եզրակացություն։  Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, և դուք գիտեք մեր պաշտոնական տեսակետը, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային  գործընթացի լիարժեք կողմ։ Եվ բանակցային գործընթաց ասելով մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը. որոշակի գաղափարներ առաջ քաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը, այդ ձեռք բերված պայմանավորվածությունների,  եթե հնարավոր է լինում,  համատեղ քննարկում,  համաձայնեցում և, ինչու չէ, նաև կիրառում, այսինքն՝ կյանքի կոչել։

Հարց. Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսական «Известия» պարբերականը հրապարակեց տեղեկություններ ղարաբաղյան կարգավորման, այսպես ասած, Պուտինի կամ Լավրովի պլանի մասին, որը գրվել է քառօրյա պատերազմից հետո և որը ցանկանում է իրականություն դարձնել Մոսկվան: Դուք տեղյա՞կ եք դրան և, եթե այո, ի՞նչ կարող եք ասել մեզ:

Պատասխան. Նախ՝  շնորհակալություն արտաքին քաղաքական ոլորտի նկատմամբ ձեր արտահայտած հետաքրքրության համար։  Այո, տեղյակ եմ   «Известия» օրաթերթում  հրապարակմանը,   իհարկե տեղյակ եմ, ընթերցել եմ։ Բայց արտաքին  քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով։  Հիշեցնեմ, որ այս օրերին, ինչպես և նախօրեին,  բազմաթիվ հրապարակումներ են եղել   իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող։ Մենք առաջնորդվում ենք պաշտոնական հայտարարություններով. նույն  նախարար Լավրովի, համապատասխան այլ պաշտոնյաների։ Եվ ես խորհուրդ եմ տալիս  առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, այլ ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով։  

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com