ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

06.05.2015

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Պատասխան՝ Արսեն Բաղդասարյանի հանդեպ դատական գործընթացի կեղծիքն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանում միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների տրամաբանությանը։ Այդ երկրում գերության մեջ գտնվողներին սպանելը, զինծառայողներին քարոզչական նպատակներով օգտագործելը և նրանց դեմ կեղծ քրեական գործեր հարուցելը վաղուց արդեն սովորական պրակտիկա է դարձել։

Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումը մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը։ Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքում պահպանել և ստիպել պահպանելու կոնվենցիաները։

Այս կապակցությամբ մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները, որպեսզի ադրբեջանական իշխանությունները լիովին պահպանեն ռազմագերիների և պատանդների հետ վարվելակերպի մասին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Հարց՝ Ադրբեջանական կողմը պնդում է, թե Արսեն Բաղդասարյանը ԼՂՀ ՊԲ զինծառայող է և հրաման է ստացել անցնել շփման գծի ադրբեջանական կողմն ու ականապատել խրամատները։

Պատասխան՝ Ձերբակալման պահին Արսեն Բաղդասարյանը հեռացված էր ծառայությունից՝ զորամասը պարբերաբար ինքնակամ լքելու համար և եղել է քաղաքացիական հագուստով։ Ի դեպ, նրա մոտ հրազենի բացակայության փաստը հաստատում է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ առաջադրված Արսեն Բաղդասարյանի դեմ, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են ողջամիտ տրամաբանությանը։

Անգամ եթե ի գիտություն ընդունենք ադրբեջանական կողմի վարկածը, թե Արսեն Բաղդասարյանը եղել է զինծառայության մեջ, Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, որն արգելում է զինծառայողների հետապնդումը ռազմական գործողություններին մասնակցելու համար, եթե նրանք ռազմական հանցագործություններ չեն կատարել։ Միջազգային մարդասիրական իրավունքում ամրագրված է, որ զինծառայողներին գերևարումից հետո նրանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ և իմունիտետ՝ այնպիսի գործողությունների համար քրեական հետապնդումից, որոնք չեն խախտել օրենքներն ու պատերազմի ավանդույթները։

Print Friendly, PDF & Email