ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն

28.04.2015

Ապրիլի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հարվարդի համալսարանի դասախոս դոկտոր Պամելա Շտայներին, ով հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ 1913-1916 թթ. Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհին է։

Կարեն Միրզոյանը ողջունել է հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերած ամենահայտնի ամերիկյան քաղաքական գործիչներից մեկի՝ Հենրի Մորգենթաուի ժառանգի այցը Արցախ։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում ամերիկյան դեսպանի ջանքերը՝ ուղղված Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերի կանխարգելմանը և երախտապարտ է ցեղասպանությունից փրկվածներին օգնություն ցուցաբերելու հարցում նրա նշանակալի ավանդի համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համամարդկային պայքարի համատեքստում։

Կարեն Միրզոյանը Պամելա Շտայներին ներկայացրել է նաև ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ժողովրդի ջանքերը և ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը։

Print Friendly, PDF & Email