ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության» և «Զորակցություն ցեղասպանությունից տուժածներին» կազմակերպությունների անդամներին

26.04.2015

Ապրիլի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության» և «Զորակցություն ցեղասպանությունից տուժածներին» կազմակերպությունների ազգությամբ թուրք, քուրդ, զազա, ալևվի և չերքեզ մի խումբ անդամներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է այդ կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված համամարդկային արժեքների պաշտպանմանը և ողջունել նրանց անդամների սկզբունքային դիրքորոշումը՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում է հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Կազմակերպությունների անդամները զորակցություն են հայտնել Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին և պատրաստակամություն հայտնել իրենց ներդրումն ունենալ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում և Արցախի մասին միջազգային հանրությանը իրազեկման հարցում։

Հյուրերը նույն օրն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորաբաց զանգակատուն-հուշակոթողին։

Print Friendly, PDF & Email