ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը NEWS.am-ի հարցին

21.11.2014

Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը:

Պատասխան․ Ափսոսանքի է արժանի, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը:

Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ բոլոր չորս բանաձևերի առաջնահերթ և կարևորագույն պահանջը կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այս հիմնական պահանջն է բազմիցս խախտվել Ադրբեջանի կողմից և մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասինէ վկայում ուղղաթիռի խոցման միջադեպը:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի պահանջների անտեսումը և նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են արժեզրկել և անկիրառելի դարձրել սույն բանաձևերը։

Print Friendly, PDF & Email