ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի մասնակիցների հետ

21.11.2014

Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ «Եվրոպական Ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի մասնակիցների հետ։

Ողջույնի խոսքում Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները՝ արտաքին քաղաքականության նկատմամբ երիտասարդության հետաքրքրության բարձրացման առումով։

Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ նրա ընդարձակումը՝ նախ և առաջ պետականաշինության գործընթացում Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից արձանագրված հաջողությունների արդյունքն է։

Ներկաների խնդրանքով ԼՂՀ արտաքին գործերի նախարարը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցմանը, նշելով, որ ԼՂՀ իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների դուրս բերման և հետագայում սադրանքները բացառելու ուղղությամբ։

Print Friendly, PDF & Email