Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել

12.09.2014

Սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։ Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։ 

Բանաձևը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը, Բասկերի Երկրի խորհրդարանը նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած քննարկումներին, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար։

Բանաձևի ընդունմանն աջակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական քաղաքական ուժերը:

Print Friendly, PDF & Email