ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պատասխանը Karabakh-open.info լրատվական գործակալության հարցին

11.08.2014

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Պատասխան. Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստը, մեր կարծիքով, արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը:

Ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի և խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:

Կարևոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաև Ադրբեջանի նախագահի Բաքու վերադառնալուց հետո:

Իրենց հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման և հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում:

Print Friendly, PDF & Email