The Foreign Policy Journal-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակցի հրադադարի 20-ամյակի մասին հոդվածը

30.05.2014

Մայիսի 29-ին, the Foreign Policy Journal հեղինակավոր հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական Ներկայացուցչության աշխատակից Արամ Ավետիսյանի ՛՛Քսան տարվա հրադադար Ղարաբաղում. ոչ խաղաղություն, ոչ վստահություն՛՛ հոդվածը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակին, և, մասնավորապես, նշվում, որ չնայած նրան, որ համաձայնագիրը վերջ է դրել լայնածավալ ռազմական գործողություններին, վերջնական խաղաղ համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել, և կողմերը շարունակում են կրել կորուստներ. «Հարցը, թե ինչու հրադադարի մասին համաձայնագիրը չի հանգեցրել համապարփակ խաղաղ համաձայնագրի՝ մնում է հռետորական: Կողմերի միջև վստահության պակասը և Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հիմնական խոչընդոտներ են հանդիսանում: Ընդ որում, խաղաղ գործընթացի ներկայիս փուլը թերի է առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցության»:

Հոդվածոմ ասվում է, որ վերջին 20 տարվա հարաբերական խաղաղության ընթացքում, տարածաշրջանի և աշխարհի պետություններն ականատես եղան Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության, սադրիչ հայատյացության, ռազմական հզորության սաստկացման և վստահության ամրապնդման միջոցներ ստեղծելու՝ միջազգային հանրության կոչերի անտեսման. «Նպատակները պարզ են ու նորություն չեն: Ճիշտ այնպես, ինչպես 1991-1994թ.թ. պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանը «հանգիստ» է առնում զինադադարի ձևով, որպեսզի վերախմբավորի և վերականգնի իր ռազմական հնարավորությունները: Հերթական փորձին իրեն պատրաստ զգալով, Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է շանտաժի ենթարկել ագրեսիայի վերսկսմամբ և պահանջում է հայկական կողմերից ընդունել անընդունելին: Դիպուկահարների պատերազմը և սահմանային դիվերսիաները այդ մարտավարության մի մասն են»:

Ա.Ավետիսյանը նշում է նաև, որ խաղաղ կարգավորման բանաձևը շատ պարզ է. քիչ մարդկային կորուստներ, քիչ ռազմատենչ հռետորաբանություն, ավելի շատ վստահություն, ավելի շատ հնարավորություններ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. «Վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանը և ԼՂՀ փորձել են համոզել Ադրբեջանին, որ չկա այլընտրանք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որ դիպուկահարները սահմանի երկայնքով էլ ավելի են սրում իրավիճակը և հետաձգում կարգավորման ձեռքբերումը: Այսօր հայկական պետությունները կրկին դիմում են Բաքվի «անգղներին», կոչ անելով նրանց հրաժարվել ռևանշիստական նկրտումներից և կանխել նոր ողբերգությունը: Միջազգային հանրությունը և միջնորդները պետք է հասկացնեն Ադրբեջանի ղեկավարներին, որ անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել և սեփական ժողովրդին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Print Friendly, PDF & Email