ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը Կանադայի ուսանողական միությանը

22.05.2014

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել Կանադայի ուսանողական միության (AESPUL) նախագահ Ֆրանսուա-Պիեռ Կարտոլանոյին: Կազմակերպությունը նպատակ ունի բարեկամության և համագործակցության ցանց հաստատել քաղաքական համակարգերի համապատասխան ակտորների հետ, ինչպես նաև նպաստել աշխարհի տարբեր քաղաքական համակարգերի մասին ուսանողների գիտելիքների ձեռք բերմանը:

Ստորև բերվում է հարցազրույցի տեքստը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն (ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն) անկախություն է ձեռք բերել 1988-1994 թթ. ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի և Արցախի համատեղ հաղթանակի արդյունքում: Այդ ժամանակից ի վեր, դե-ֆակտո ինքնիշխան պետությունը ձերբազատվել է իր խորհրդային ժառանգությունից՝ կառուցելով ժամանակակից և բարգավաճ հասարակություն: Այնուամենայնիվ, երկու տասնամյակի ընթացքում ձեռք բերված մեծագույն առաջընթացը գտնվում է մշտական սպառնալիքի տակ՝ հաշվի առնելով չլուծված ղարաբաղյան հակամարտությունը: Չնայած 1994 թ. կնքվել է հրադադարի մասին համաձայնագիր, այնուամենայնիվ, Ստեփանակերտի և Բաքվի միջև դեռևս գոյություն չունի խաղաղության պայմանագիր: Լարվածությունը ներկայումս պահպանվում է, ինչը հանգեցնում է սահմանային պարբերաբար կրակոցների, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ կանխելու ռազմական գործողությունների վերսկսումը և աջակցելու Արցախի անկախության ավելի լայն ճանաչմանը: Ես հարցազրույց եմ վերցրել պարոն Միրզոյանից ԼՂՀ-ում տարածաշրջանային և միջազգային ներկայիս իրավիճակի մասին առավել ընդգրկուն տեղեկատվություն ստանալու նպատակով:

Որո՞նք են ԼՂՀ արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունները:

ԼՂՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ժողովրդավարության համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների հիման վրա: Մենք համոզված ենք, որ Արցախի ներկայիս չճանաչված կարգավիճակը չպիտի խոչընդոտ հանդիսանա միջազգային գործընթացներին նրա մասնակցությանը:

ԼՂՀ արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն են՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը, արտերկրում ԼՂՀ քաղաքացիների (ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների և ներքին տեղահանվածների) իրավունքների և շահերի պաշտպանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը ԼՂՀ տնտեսության մեջ, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության ամրապնդումը:

Ինչպիսի՞ն են ԼՂՀ արտաքին հարաբերությունների 2014թ. ուղղությունները:

Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված ԼՂՀ ճանաչման դրական միտումների ամրապնդմանը, ինչպես նաև բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բանակցությունների սեղանին հակամարտության գլխավոր կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերումը:

Նախատեսվում է լուծել նաև այլ առաջնահերթ խնդիրներ. Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մասին հավաստի տեղեկատվություն տարածելու նպատակով առավել ակտիվացնել և հետևողական դարձնել աշխատանքները տեղեկատվական դաշտում, ինչպես նաև աջակցել ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված զգալի առաջընթացին և մեր հանրապետությունում ընթացիկ զարգացումներին:

Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Ձեր նախարարությունը:

Հիմնական խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունն է, ինչն իր հերթին, դժվարացնում է մեր նախարարության լիարժեք գործունեությունը և ստեղծում որոշակի սահմանափակումներ իր քաղաքականության իրականացման գործում: Միևնույն ժամանակ առկա խնդիրները մղում են մեզ ավելի ակտիվ և քրտնաջան աշխատանքի՝ ուղղված նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը:

2014թ. Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունել է ԼՂՀ ճանաչման մասին բանաձև: Այլ քաղաքներ կարո՞ղ են հետևել նրա օրինակին, և ինչքանո՞վ է այդ քայլը կարող դրական դեր խաղալ:

Վերջին տարիներին նկատվում է ԱՄՆ և Ավստրալիայի տարբեր նահանգների, ինչպես նաև մի շարք քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչման միտումը (այն շարունակվում է ԼՂՀ քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու միջոցով): Կցանկանայինք, մասնավորապես, ընդգծել ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասսաչուսեթս, Մեն և Լուիզիանա, ինչպես նաև, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգների օրենսդիր մարմիններիի կողմից ի սատարումն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունված բանաձևերը և հայտարարությունները: Բացի այդ, քաղաքային մակարդակով հաստատված են արդյունավետ կապեր Մոնտեբելո, Ֆրեզնո, Հայլենդ, Լոս-Անջելես, Պիկո Ռիվերա (ԱՄՆ), Լե-Պեն-Միրաբո և Վիեն (Ֆրանսիա) քաղաքների ու ԼՂՀ քաղաքների միջև: Վստահ եմ, որ տվյալ գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունը և նոր թափ կստանա: Այսօր Արցախն ապացուցել է ամբոջ աշխարհին, որ կայացած պետություն է և կարող է վարել ակտիվ և պատասխանատու արտաքին քաղաքականություն: Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, համարժեք գնահատականի է արժանանում միջազգային հանրության կողմից:

Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը և վերջերս սահմանին տեղի ունեցած կրակոցները՝ հնարավո՞ր է ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում:

Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը, որն իր արտահայտությունն է գտնում չդադարող ռազմատենչ հռետորաբանության մեջ, ռազմական ուժի շարունակական սաստկացմամբ և նոր պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքներով, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Հայատյացությունը Ադրբեջանում հասել է պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանի սպառնալիքները մնում են ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում (1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված ներկայիս սահմաններում) սադրանքների մակարդակի վրա, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Խաղաղ գործընթացի անշրջելիության երաշխիքների բացակայության և ռազմական գործողությունների չվերսկսման պայմաններում տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը միշտ կլինեն սպառնալիքի տակ:

Ներկայումս ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն է, որը պատրաստ է պատասխանել իր սահմանների վրա ցանկացած ոտնձգության: Այստեղ իր դերը պիտի խաղա նաև միջազգային հանրությունը: Բռնությունից հրաժարվելու բացարձակ անհրաժեշտությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ արված հստակ մեսիջը և բանակցությունների ճանապարհով լուծման որոնումը պետք է կազմեն անքակտելի մասը ընդհանուր գործնական ջանքերի, որոնք միտված են հակամարտության կարգավորման աջակցմանը:

Print Friendly, PDF & Email