ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Аrtsakhpress.am»-ին Մարաղայի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ

11.04.2014

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածն է։ 1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ։

Գյուղի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությանը: Ըստ տարբեր տվյալների, այդ թվում Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների` Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:

Մարաղայում իրականացված հրեշավոր հանցագործությունը հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում:

Ցավով նշում ենք, որ Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը և ոճրագործների անպատժելիությունը հիմք դարձան այսօրվա Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության պաշտամունքի, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:

Հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու համար Մարաղայի կոտորածը, ինչպես նաև հայատյացության այլ դրսևորումները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները ստանան արժանի պատիժ։

Print Friendly, PDF & Email