ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

29.08.2013

Օգոստոսի 28-ին Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարարության ս.թ. օգոստոսի 14-ի հայտարարությունը ` որպես ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

Հայտարարությունում ԼՂՀ ԱԳՆ իր խորը անհանգստությունն է արտահայտում Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ, որի ամենավերջին օրինակներից են ՄԱԿ-ում նրա անդամ պետություններին ուղղված նամակի տարածումը, որով կոչ է արվում զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը:

ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ տարված լինելով ատելության և թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ և սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին:

ԼՂՀ ԱԳՆ ողջունում և խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝ թե՛ պաշտոնյաների, և թե՛ զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ:Նման այցելությունները և մարդկանց միջև շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում, բայց և անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն ԼՂՀ մասին:

Print Friendly, PDF & Email