ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

20.06.2013

- Պարոն նախարար, նախօրեին արված Ձեր հայտարարության մեջ Դուք նշել էիք, որ «կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը` նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է»: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը նվազեցնում է ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ փոխզիջման հասնելու հնարավորությունը:

- ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ՝ 1991 թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ և օրինական կամարտահայտման միջոցով: Դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առևտրի առարկա լինել, և այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Սրանից ելնելով, մենք գտնում ենք, որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա:

Հենց այս պատճառով մենք գտնում ենք, որ Ադրբեջանի կողմից ներկա իրողությունների արագ ճանաչումը և ԼՂՀ վերադարձը բանակցությունների սեղանին թույլ կտան առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում:

- Ադրբեջանը մշտապես բարձրացնում է այսպես կոչված «օկուպացված» տարածքների հարցը: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

- Եթե խոսքը գնում է Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին, ապա դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են կազմում, և տվյալ փաստն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:

Պետք չէ մոռանալ նաև ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից և մինչև օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:

Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պատմական արդարության վերականգման և ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի ապահովման համատեքստում:

Print Friendly, PDF & Email