ԼՂՀ ԱԳՆ հաշվետվություն է ներկայացրել 2012թ. գործունեության մասին

02.04.2013

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012 թ. գերատեսչության գործունեության արդյունքների ամփոփմանն ու 2013թ. նախատեսվող աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:

Իր զեկույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ 2012թ. գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններն էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական կարգավորումը և Արցախի միջազգային ճանաչումը: Արձանագրելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ պաշտոնական Բաքվի ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշումը: Միևնույն ժամանակ նախարարն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում դրական գործընթացներին:

Կարեն Միրզոյանը նշել է, որ 2013 թ. կշարունակվեն ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք ներգրավման և միջազգային հանրությանը Արցախի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկություն ներկայացնելու ուղղությամբ: Կզարգանա նաև երկկողմ համագործակցությունը տարբեր երկրների և հայկական Սփյուռքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԳՆ գործունեության բնագավառում առկա խնդիրները: Երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ գերատեսչության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցը կշարունակի մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն ընդհանուր առմամբ լուծել է իր առջեւ դրված խնդիրները:

Print Friendly, PDF & Email