
Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունեցել «Ղարաբաղյան շարժման 25-ամյակ՝ պայքար անկախության և արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվել էր Բրիտանահայկական միջկուսակցական խորհրդարանական խմբի և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախագահությամբ։
Կլոր սեղան-քննարկմանը զեկույցով հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: Զեկույցում նա, մասնավորապես, նշել է, որ Արցախի ներկայիս կարգավիճակը չպիտի խոչընդոտ հանդիսանա միջազգային համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ ԼՂՀ անարգել ներգրավումը միջազգային գործընթացներում ոչ միայն կապահովի համընդհանուր արժեքների վրա հիմնված հավասար և համապարփակ անվտանգության հայեցակարգի իրականացումը տարածաշրջանում, այլև ազդանշան կլինի Ադրբեջանի համար՝ հրաժարվելու ռևանշիստական նկրտումներից և ցուցաբերելու քաղաքական կամք՝ հանուն կայուն և կանխատեսելի Հարավային Կովկասի:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին, սումգայիթյան ողբերգության և արցախյան շարժման 25-ամյակին նվիրված ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։
Կլոր սեղան-քննարկումն անցել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ, մամուլի, սպորտի և մշակույթի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլի ղեկավարությամբ: Միջոցառմանը մասնակցեցին նաև Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համայնքների եւ Լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ և ուսանողներ։
Մարտի 26-ին Ֆելիքս Խաչատրյանը «Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով դասախոսություն է կարդացել Օքսֆորդի համալսարանի «Սենթ Էնթոնի» քոլեջում:
Մարտի 27-ին ԼՂՀ արտաքին գերատեսչության փոխնախարարը նույն թեմայով զեկույց է կարդացել նաև Լոնդոնի համալսարանական քոլեջում:
Նույն օրը Ֆելիքս Խաչատրյանը հարցազրույց է տվել BBC հեռուստառադիոընկերությանը: