Ֆրանսիայում ստեղծվել է Բարեկամության շրջանակ ԼՂՀ-ի հետ

20.03.2013

2013թ. մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։

Այս կապակցությամբ նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ են անում վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը և հայտնում են իրենց աջակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

Բարեկամության շրջանակի անդամները դիմել են Ֆրանսիայի քաղաքական այլ գործիչներին՝ միանալու այս նախաձեռնությանը։

Շրջանակի կազմի մեջ են մտել Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլիեն, ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեն, Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսիեն, սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին, Բերնար Ֆուրնիեն, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավորներ Ժորժ Կոլոմբիեն և Ռիշար Մալիեն։

Հայտարարության տեքստը բերվում է ստորև՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը,

2. Սատարելով բոլոր ժողովուրդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

3. Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման և կայունության պահպանման անհրաժեշտությունը,

4. Աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության գործունեությանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով և այդ ուղղությամբ Ֆրանսիայի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերին,

5. Ողջունելով ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու և զարգացնելու Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը,

6. Համոզված լինելով, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը միջազգային գործընթացներից չի նպաստում ժողովուրդների երկխոսությունը և կայուն խաղաղության հաստատմանը,

Մենք՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործիչներս, պատգամավորներս ու սենատորներս հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին:

Print Friendly, PDF & Email