ԼՂՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Լիտվայի խորհրդարանում կազմակերպված խորհրդաժողովում

27.02.2013

Փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում կայացել է «Հայաստան-Լիտվա՝ հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանում և Լիտվայում ժողովրդավարական շարժումների և արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին:

Կոնֆերանսի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լիտվայի «Սայուդիս» շարժման հիմնադիր անդամներ, ինչպես նաև լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին որպես հատուկ հրավիրյալ մասնակցել և ելույթով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանը։ Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ ազատության և ժողովրդավարության ընդհանուր գաղափարների և սկզբունքների շուրջ հայ և լիտվացի ժողովուրդներին միավորած ազգային վերածննդի շարժումներն ավարտվել են անկախության ձեռքբերումով: «Լիտվայի դեպքում անկախությունը նրա ժողովրդին պետականության վերածննդի և միջազգային հանրությանը, Եվրոպական Միությանը լիարժեքորեն ինտեգրվելու հնարավորություն է ընձեռել»,- ասել է Կարեն Միրզոյանը՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդը ստիպված է եղել ոչ միայն պաշտպանել ազատության և անկախության իր իրավունքը, այլև բառացիորեն պայքարել գոյատևման, իր նախնիների հողում ապրելու իրավունքի համար:

Նախարարը հիշեցրել է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ և օրինական պահանջին՝ Ադրբեջանի իշխանությունները, որոնք ի սկզբանե հրաժարվել են երկխոսությունից և խնդրի քաղաքական լուծման որոնումից, նախընտրել են սպառնալիքների և ահաբեկչության միջոցները: «Սակայն մեր ժողովուրդը դիմակայել է և անցել իրեն պարտադրված պատերազմի փորձությունով: 1994 թ. մայիսին ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիր, որը խաղաղ ապրելու և անկախ պետականություն կառուցելու հնարավորություն է տվել»:

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն հավատարիմ է պետականաշինության ժողովրդավարական ուղուն, որը երաշխավորում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Չնայած չճանաչված լինելու պատճառով Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես չի կարող միջազգային կազմակերպությունների շրջանակներում ստանձնել համընդհանուր ժողովրդավարական չափանիշների պահպանման պարտավորությունները, այնուամենայնիվ նա անշեղորեն հավատարիմ է մնում դրանց: «Ավելին, բազմաթիվ ճանաչված պետությունների համեմատ մեր հանրապետությունում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը զգալիորեն ավելի բարվոք է, ինչը նշվել է նաև «Freedom House»-ի վերջին զեկույցում»,- ընդգծել է նախարարը՝ ափսոսանք հայտնելով, որ ԼՂՀ չճանաչված լինելու հանգամանքը խոչընդոտ է հանդիսանում միջազգային գործընթացներին նրա լիարժեք մասնակցությանը, ինչն իր հերթին սահմանափակում է ԼՂՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումը:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ԼՂՀ հանձնառությունը: Միևնույն ժամանակ, նա ափսոսանքով է արձանագրել, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն մերժում է միջնորդների ցանկացած խաղաղարար առաջարկ, այլև, ճնշելով հաշտության ցանկացած՝ նույնիսկ փոքր նախաձեռնություն՝ ադրբեջանական հասարակության մեջ խոր ատելություն է արմատավորում հայերի ու ողջ հայկականի նկատմամբ և քարոզում է այլատյացություն, անհանդուրժողականություն և ռազմատենչ տրամադրություններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննեսյանը և Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը իրենց հերթին նշել են 25 տարի առաջ սկիզբ առած ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը, ընգծելով դրանց գաղափարների ու ոգու կարևորությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում։

Գիտաժողովին ելույթ են ունեցել նաև Լիտվայի Սեյմասի պատգամավորներ Դանգուտե Միկուտիենեն, Ալգիս Կաշետան, Վիլյա Ալեկնայտե-Աբրաիմիկիենեն, ովքեր կարևորել են ժողովրդավարական շարժումների գաղափարներին հավատարիմ մնալու հրամայականը։

Լիտվայի Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ:

Print Friendly, PDF & Email