ԵԱՀԿ-ն հետաքննություն է իրականացնում ԼՂՀ ՊԲ զինծառայողի մահվան փաստի առթիվ

21.03.2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների առաջարկով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին պլանավորված ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը Ասկերանի ուղղությամբ` Ակնա բնակավայրի մոտակայքում` կապված մարտի 17-ին տվյալ վայրում ադրբեջանական կողմից դիպուկահար կրակոցի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հետ, չի կայացել Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն: ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչները դիտորդական խմբին տեղեկացրեցին կրակի դադարեցման ռեժիմի կոպիտ խախտման դեպքի մանրամասների մասին, որի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել:

Մի քանի րոպե անց` ԵԱՀԿ առաքելության մեկնելուց հետո, այն վայրի ուղղությամբ, որտեղ հետաքննություն էր իրականացվում, դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից: Դեսպան Անջեյ Կասպշիկին իրազեկ են դարձրել տվյալ միջադեպի մասին:

Print Friendly, PDF & Email