Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում

10.03.2011

Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսում էր երկու դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք և Ակնա բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղությամբ:

Թանձր մառախուղով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով առաջին դիտարկումը չի կայացել:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Print Friendly, PDF & Email