Բեռլինում և Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

01.03.2011

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում /ԳԴՀ/ Հայաստանի Հանրապետության դեսպանատան և ԳԴՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության աջակցությամբ, Գերմանիայի Հայերի Կենտրոնական Խորհրդի, Բեռլին քաղաքի հայկական համայնքների, և Հայ Առաքելական Եկեղեցու հետ համագործակցությամբ ԳԴՀ մայրաքաղաքում հանրահավաք է կազմակերպվել` նվիրված 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած սումգայիթյան կոտորածների զոհերի հիշատակին: Առաջին անգամ երթ է կազմակերպվել Բեռլինի Ունտեր-Դեն-Լինդեն կենտրոնական փողոցով` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի դեսպանատների երկայնքով: Հանրահավաքի մասնակիցները կանգ են առել Բրանդենբուրգյան դարպասների առջև, ԱՄՆ դեսպանատան մոտ:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները եվրոպական հանրությանը կոչ են արել դատապարտել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ քաղաքներում, ինչպես նաև Մարաղայում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ բնակավայրերում իրականացրած հայկական ջարդերը և արժանի գնահատական տալ ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ քաղաքականությանը:

Ակցիան աջակցություն է գտել Բեռլինի բնակիչների և հյուրերի շրջանում: Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով բաժանվել են մոտ հազար թռուցիկներ` գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ակցիայի ավարտին արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ է մատուցել:

Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցը նշվել է նաև Փարիզում: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պատարագ է մատուցվել սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին, որից հետո ծաղկեպսակներ են դրվել հայ անվանի երգահան Կոմիտասի արձանի մոտ:

Տեղի է ունեցել նաև հանրահավաք, որի ընթացքում Սումգայիթի զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ հանրահավաքի մասնակիցներն արտահայտել են Ֆրանսիայի հայկական համայնքի համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Print Friendly, PDF & Email