ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում

28.02.2011

Փետրվարի 25-ին, Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:

Այնուհետև, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության աշխատակիցների հետ` քննարկելով Ղարաբաղյան հակամարտությանն ու բանակցային գործընթացին, ինչպես նաև Սփյուռքի հայկական համայնքների կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Փետրվարի 26-ին Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակին, Արցախի կյանքի տարբեր բնագավառներին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը մի շարք հարցերում:

Գեորգի Պետրոսյանն այցելել է Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, ներկա գտնվել պատարագին, այնուհետև` զրուցել հոգևորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սբ.Խաչ եկեղեցում նախարարը հանդես է եկել ելույթով, որում հայ համայնքի անդամներին ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` նշելով ղարաբաղյյան հիմնախնդրի արդարացի լուծման համար Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերի միավորման անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև հայ համայնքի անդամներին հուզող հարցերին:

Այցի ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էր ԱՄՆ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Print Friendly, PDF & Email