ԱՄՆ-ում ԼՂՀ ՄՆ. «ԼՂՀ անկախությունը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

25.02.2011

Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություններով հանդես է եկել Ջորջ Մեյսոն Համալսարանի Հակամարտությունների վերլուծության ու կարգավորման ինստիտուտում /Վաշինգտոն/ և Նյու Յորքի Համալսարանում:

Իր ելույթներում Ռոբերտ Ավետիսյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման իրավական ու մարդասիրական ասպեկտներին, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, բանակցային գործընթացին, ԼՂՀ-ում և ընդհանրապես տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակին:

«1991թ-ի անկախության հռչակումից առայսօր ԼՂՀ-ն շարունակում է կառուցել կայուն, բաց ու ժողովրդավարական հասարակություն, ստեղծել մի պետություն, որը կարող է պաշտպանել իր բնակչությանը և ապահովել համընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` անընդհատ հանդես գալով խնդիրը ուժի միջոցով լուծելու հայտարարություններով»,- նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

Հաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր երկրի վճռականությունը` ԼՂՀ ներկայացուցիչը նշել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչ էլ սպառնում է նրա գոյությանը:

«Ղարաբաղը և Ադրբեջանը կարող են լավ հարևաններ լինել, բայց նրանց համատեղ գոյությունը որպես ընդհանուր քաղաքական-վարչական միավոր անհնար է»,- ասել է Ռոբերտ Ավետիսյանը, նշելով, որ ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար, և հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն, վերջիվերջո, կառուցողական դիրքորոշում կորդեգրի` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հակամարտության կարգավորման համար:

Միաժամանակ, նա անհրաժեշտ է համարել Արցախի անմիջական մասնակցությամբ բանակցային գործընթացի սկզբնական ձևաչափի վերականգնումը:

«Միայն Ղարաբաղյան հիմնահարցի քաղաքակիրթ, արդար ու համապարփակ կարգավորման դեպքում հնարավոր կլինի ապահովել կայունությունն ամբողջ տարածաշրջանում և խուսափել նոր ռազմական գործողություններից»,- նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

Ներկաները դիվանագետին հարցեր են ուղղել բանակցային գործընթացի, հակամարտության կողմերի դիրքորոշումների, առավել հրատապ մարդասիրական խնդիրների լուծման ուղիների և այլնի վերաբերյալ:

Print Friendly, PDF & Email