Ամերիկացի կոնգրեսականները դատապարտել են հայերի ջարդերը Սումգայիթում

22.02.2011

ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացրած հայկական ջարդերը:

Ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, կոնգրեսական Ֆրենք Փալոունը նշել է. «Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի հանդեպ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մի օրինակն են միայն: Երկու տարի անց Ադրբեջանի 450.000-անոց հայկական համայնքը անհետացել է այդ երկրից: Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվել է իրականացնել Բաքվի հայ բնակչության էթնիկ զտումներ ու զանգվածային արտաքսում»:

Ֆրենք Փալոունը նշել է, որ Սումգայիթի իրադարձությունների 23-րդ տարելիցը կրկին հիշեցնում է ԱՄՆ-ին պատմական անարդարության մասին, որի հետ բախվել է հայ ժողովուրդը:

«Ես կոչ եմ անում Կոնգրեսի իմ գործընկերներին ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները: Միայն անցյալի հանցագործությունները ճանաչելով կարող ենք խաղաղ ապագա կառուցել»,- ասել է Փալոունը:

Կոնգրեսականը անհրաժեշտ է համարում, որպեսզի ԱՄՆ-ն երաշխավոր հանդիսանա ագրեսիվ հարևաններով շրջապատված Հայաստանի անվտանգության համար:

Իր հերթին կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ Էն Էշուն հայտարարել է, որ բոլորը պետք է հիշեն այդ ողբերգական օրերը և հարգեն հայկական ջարդերի զոհերի հիշատակը:

«Ինձ համար դա անձնական հարց է: Իմ ընտանիքի անդամները փրկվել են Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունից, և երբ մենք դիտարկում ենք 1988թ-ի Սումգայիթի իրադարձությունները` տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է: Անհրաժեշտ է խստորեն դատապարտել էթնիկ խմբերին ուղղված բռնության նման դեպքերը, անկախ այն բանից` որտեղ և երբ են դրանք տեղի ունեցել: Անգամ 96 տարի անց ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Էն Էշուն:

Նա կոչ է արել Կոնգրեսին կոնկրետ քայլեր ձեռնարկել ծայրահեղականության, խտրականության, էթնիկ զտումների դեմ պայքարի ուղղությամբ:

Print Friendly, PDF & Email