ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը

13.01.2011

Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Անտարակույս, ԼՂՀ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին, մասնավորապես վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է: Սակայն հավատարիմ մնալով իրեն` պաշտոնական Բաքուն ուռճացնում է հիշյալ թեման:

Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյո՞ք լեհական իշխանությունները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ որ դեռ ոչ մեկի կողմից չի բեկանվել ազատ տեղաշարժվելու և ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մասին իրավունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվում է նաև լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա:

Ի դեպ, ամեն ինչից դատելով, Բաքվի չինովնիկների սպառնալիքները հազիվ թե տպավորություն թողնեն որևէ մեկի մոտ: Չնայած նրան, որ արտասահմանցիների այցերը Արցախ` Բաքվում համարում են քրեորեն պատժելի հանցանք, անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնյակ հազարավոր օտարերկրացիներ` զբոսաշրջիկներ, քաղաքագետներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թվում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ:

Ավելին, Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, այդ թվում` ԵՄ երկրներից, տարեցտարի կայուն կերպով ավելանում է: Բազմաթիվ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում: 2010 թվականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ:

Այդ ամենը վկայում է այն մասին, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են «նոն գրատա» անձինք: Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը և այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ և հյուրասեր մարդիկ:

Անկասկած, այսուհետև ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ:

Print Friendly, PDF & Email