Որոնում:

ԼՂՀ-ում նշել են Արցախի Վերածննդի օրը - NKR

ԼՂՀ-ում նշել են Արցախի Վերածննդի օրը

2010-02-22 14:48

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անց են կացվել միջոցառումներ` նվիրված Արցախի Վերածննդի Օրվան եւ Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 22-ամյակին:

Փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիսավոր ժողով, որին հրավիրված էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ օրենսդիր մարմնի բոլոր չորս գումարումների պատգամավորները, կառավարության անդամներ եւ այլն:

Իր ներածական խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշել է. <<Մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին եւ առաջին հերթին ինքներս մեզ, որ Արցախի հայության որոշումը վերջնական է ու անդառնալի, որ հայրենի հողում ինքնուրույն ապրելու մեր ժողովրդի ձգտումը միանգամայն օրինական է ու բնական>>:

Հանդիսավոր նիստի բացման պատվավոր իրավունքը տրվել է 1988թ. ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի պատմական նստաշրջանի նախագահ Վիգեն Հայրապետյանին, ում խոսքերով <<փետրվարի 20-ը մեր բոլոր հաջողությունների և հաղթանակների անկյունաքարն է դարձել և հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես փառավոր օրերից մեկը>>:

Ողջույնի խոսքով ժողովում ելույթ է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:

<<1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ մեր ազգային վերազարթոնքի սկիզբը: Մենք ոտքի ելանք պաշտպանելու հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր բնական իրավունքը` միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Մեր խաղաղ ու արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց դաժան ու արյունալի պատերազմով, որը բազում մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ դարձավ: Արցախի հերոսական ժողովուրդը համայն հայության հետ ձեռք ձեռքի կարողացավ դիմակայել իրեն վիճակված բոլոր փորձություններին եւ բռնեց ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: Մեզ համար այդ ուղին անշրջելի է ու հաստատուն>>,- իր խոսքում նշել է պետության ղեկավարը:

Նշելով, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ, Բակո Սահակյանն ասել.<< Այդ գործողություններն իզուր են եւ անտեղի: Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետության եւ ժողովրդի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության>>:

Հանդիսավոր ժողովում ելույթներ են ունեցել ԼՂՀ Խորհրդարանների բոլոր գումարումների ղեկավարները:

Ժողովի ավարտին Ազգային ժողովի սրահում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի տարիներին նահատակված ԼՂՀ Խորհրդարանի չորրորդ գումարման պատգամավորների պատվին հուշատախտակի բացումը:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com