Որոնում:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - NKR

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2010-01-20 14:51

Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը` ի դեմս <<Ժողովրդավարություն>>, <<Հայրենիք>> եւ <<ՀՅԴ-Շարժում-88>> խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ:

Ստորեւ ներկայացվում է Հայտարարության ամբողջական տեքստը:

Քսան տարի առաջ պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց եւ սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ` կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին եւ բռնատեղահանվեցին:

Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արեւելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 եւ 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի եւ օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ:

Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված  հակահայ   բռնությունները, որոնց հետեւանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը,  դրանք  գնահատում ենք որպես.

-մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին` ապրելու իրավունքի  զանգվածային խախտման փաստ,

-այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների` Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսեւորում,

-մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն` Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության` անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից:

Ի դրսեւորումն այդ օրինական եւ արդարացի նպատակադրման, մենք դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին.

- անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչեւ 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն եւ իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների եւ իրականացնողների գործողություններին,

- հավասարության նշան չդնել խաղաղ պայմաններում պետականորեն կազմակերպված հանցագործությունների եւ այն զրկանքների միջեւ, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով:

Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլեւ միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com