ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը այցելել է Ղարաբաղյան պատերազմի հերոսների հուշակոթող

09.10.2009

Հոկտեմբերի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հրավերով այցելել է Ղարաբաղյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին վերջերս Բուենոս-Այրեսում բացված հուշակոթող:

Երեկոյան հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել միջոցառում` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Ներկա էին Արգենտինայում հավատարմագրված երկրների դեսպաններ, Արգենտինայի ԱԳՆ աշխատակիցներ, մտավորականության եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Հյուրերը մեծ հետաքրքրություն են դրսեւորել Լեռնային Ղարաբաղի, երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի նկատմամբ: Ռոբերտ Ավետիսյանը ներկաներին պատմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի, ինչպես նաեւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ձեռքբերումների մասին:

Print Friendly, PDF & Email