
Թուրքական NTV հեռուստաալիքի նկարահանող խմբի`Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի կապակցությամբ, չնայած Բաքվի կողմից բարձրացրած աղմուկին եւ այս առիթով Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա Ադրբեջանի ճնշմանը, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ ղեկավարությանը` հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու խնդրանքով` այստեղ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով:
Ղեկավարվելով ժողովրդավարական սկզբունքներով եւ ըմբռնումով մոտենալով լրագրողների` իրենց մասնագիտական պարտքը կատարելու ձգտմանը` ստանալու ճշգրիտ տեղեկատվություն սկզբնաղբյուրներից, ԼՂՀ ղեկավարությունը ոչ միայն խոչընդոտներ չի ստեղծում նրանց համար, այլ ընդհակառակը` աջակցում է նրանց գործունեությանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում:
ԼՂՀ ղեկավարությունը ելնում է նաեւ նրանից, որ հանրապետությունում տիրող իրավիճակի անաչառ եւ համակողմ ներկայացումն աշխարհին պարզապես կնպաստի Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը: