ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

15.07.2009

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.

ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ:

Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:

Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման:

Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում:

Print Friendly, PDF & Email