Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

09.06.2009

Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանն ընդունեց ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով Վարդան Բարսեղյանը ներկայացրեց ԼՂՀ արտաքին գերատեսչության ստեղծման պատմությունը եւ գործունեության ուղղությունները` կանգ առնելով նաեւ արտերկրում հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատանքին:

Հանդիպման մասնակիցները շոշափեցին նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվեց, որ Ադրբեջանը օգտագործում է բոլոր ռեսուրսները հակահայկական քարոզչություն իրականացնելու եւ ղարաբաղյան հիմնախնդրի էությունը խեղաթյուրելու համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն հակազդել դրան: Այս առնչությամբ առաջարկություն եղավ հրատարակել եւ տարածել իրական փաստերի վրա հիմնված եւ Բաքվին մերկացնող տարբեր լեզուներով գրքեր եւ այլ տեղեկատվական նյութեր:

Վարդան Բարսեղյանը նշեց, որ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ձգտելով հասնել միջազգային ճանաչման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպատակ է հետապնդում բարի դրացիական եւ բարեկամական հարաբերություններ հաստատել իր միջազգային գործընկերների, երկրների, կազմակերպությունների եւ մասնավոր անձանց հետ:

Իր հերթին բարոնուհի Քոքսը հայտնեց, որ ամեն այցի ժամանակ նա ձգտում է նոր մարդկանց բերել իր հետ`այդպիսով ընդարձակելով ԼՂՀ բարեկամների շրջանակը` այն հույսով, որ նրանք կդառնան Արցախի «դեսպանները» եւ կաջակցեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Հանդիպման ավարտին հյուրերին հանձնվեցին ԼՂՀ ԱԳՆ կողմից պատրաստած «Ոճրագործություններ առանց պատժի» խտասկավառակներ, որոնք ներկայացնում են Արցախի ազգային-ազատագրական շարժման ներկայիս փուլի տարիներին հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ոճրագործությունները:

Print Friendly, PDF & Email