ԼՂՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահին

01.04.2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսին, որում մտահոգություն է արտահայտում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների վերաբերյալ, հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների`տարածաշրջանային դիտարկումների կամ այցելությունների ժամանակահատվածում:

Ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, չնայած տեղական հրամանատարների կողմից տրված անվտանգության երաշխիքներին, դիտարկման կետի անմիջապես մոտակայքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում ձախողվել է ԵԱՀԿ դիտարկումը:

Նամակում նշվում է նաեւ տվյալ միջադեպի հետաքննության արդյունքների մասին գրավոր տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը:

ԼՂՀ ԱԳՆ-ում համոզված են, որ նմանատիպ խախտումների իրական մեղավորների մասին ճշմարիտ ու ժամանակին տեղեկատվության տրամադրումը հակամարտության բոլոր կողմերին դրական կերպով կանդրադառնա հրադադարի ռեժիմի պահպանման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի արդյունավետ աշխատանքի վրա:

Նամակի պատճենը ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Print Friendly, PDF & Email